Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Այն, ինչ լեռնագնացն անում է օրը ցերեկով, անձավախույզն անում է բացարձակ խավարի մեջ»

«Այն, ինչ լեռնագնացն անում է օրը ցերեկով, անձավախույզն անում է բացարձակ խավարի մեջ»
11.01.2013 | 12:22

Ամբողջ աշխարհում մոտ 500 պրոֆեսիոնալ անձավախույզ կա, Հայաստանում պրոֆեսիոնալ անձավախույզների թիվը հասնում է 10-ի: Հայաստանյան քարանձավների առանձնահատկությունների, էքստրիմ ու գիտական բացատրություն ունեցող զգացողությունների, մերօրյա խնդիրների և վտանգների մասին է մեր զրույցը Հայաստանի անձավագիտական ազգային կենտրոնի նախագահության անդամ, գրող, անձավախույզ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Քարանձավային կյանքը կոփում է հոգին ու մարմինը, մինչդեռ բացասական հետևանքներն էլ քիչ չեն: Այդպե՞ս է։
-Միայն դրական է ազդեցությունը: Մարմինը կոփվում է, կենսունակությունը բարձրանում է: Զգալի դրական փոփոխություն է լինում հոգևոր աշխարհում. ներքին տեսողությունը, ինտուիցիան չափազանց զարգանում են:
-Որո՞նք են Հայաստանի ամենահայտնի բնական քարայրերը:
-Վայոց ձորում` Մոզրովի, Մագելի, Արջերի քարայրերը, Արցախում` Ազոխի քարայրը:
-Ո՞վ է անձավախույզը` էքստրիմի, բացահայտումների սիրահա՞ր:
-Անձավախուզությունն առաջին հերթին մասնագիտություն է: Սիրող անձավախույզի մասին չէ խոսքը: Օվկիանոսի հատակը, տիեզերքն ավելի լավ են ուսումնասիրված, քան երկրակեղևը, ընդհանրապես` Երկիրը: Անձավախուզության գլխավոր նախապայմաններից մեկը լեռնագնաց և ժայռամագլցող լինելն է: Բայց արշավախումբը հիմնականում կոմպլեքսային է, խմբի մեջ մտնում են տարբեր մասնագետներ. երկրաբան` իր բոլոր ճյուղերով` ջրային երկրաբան, երկրաֆիզիկոս և այլն, հնագետ, հնէաբան, օդերևութաբան: Այսինքն, այն, ինչ կա քարայրում, ուսումնասիրում են տարբեր մասնագետներ: Օրինակ, խորհրդային շրջանում պետական անձավագիտության բնագավառում լուրջ հետազոտություններ են կատարել տիեզերագիտության մասնագետները:
-Ինչո՞ւ տիեզերագիտության:
-Անձավային միկրոկլիմայի պայմանները խիստ մոտ են տիեզերականին: Փորձարկման է ենթարկվում նաև մարդը` երկար ժամանակ մնալով բազմակիլոմետրանոց լաբիրինթոսում: Միայնակ մնալով` ստուգվում է ժամանակի զգացողությունը: Այսինքն, ես աշխատում էի 16 ժամ, երբ մենակ էի: Ժամանակի ցուցիչ չունեի, և թվում էր` 5 ժամ է անցել: Մարմնիս ջերմաստիճանը 34 աստիճան էր, սակայն ինձ շատ լավ էի զգում: Այդ ամենը ստուգվում և հաղորդվում էր դուրս:
-Եվ որքա՞ն տևեց փորձարկումը:
-Երկու ամիս, որի ընթացքում 8 օրով սխալվել էի ժամանակի իմ հաշվարկներում: Դուրս գալու պահին համոզված էի, որ ցերեկ է, բայց պարզվեց` գիշեր է:
-Ո՞վ է ամենաշատը քարայրում «բնակվել»:
-Ֆրանսիացի անձավախույզ Միշել Սիֆրը երկու տարի 28 օր մնացել է Սկարասոն քարանձավում: Ժամանակի իր հաշվարկներում 28 օրով էր սխալվել:
-Այսպիսով, ո՞րն է Ժամանակի չափորոշիչը մարդու համար:
-Իրականում չկա ժամանակի զգացողություն, մարդը չունի ներքին ժամացույց: Թեև ասեմ, որ կանանց նման փորձարկումների չեն ենթարկում, որովհետև կինը ներքին ժամացույց ունի` կենսաբանական ցիկլեր:
-Իսկ մարդն ի՞նչ է փնտրում քարանձավներում` թաքցրած գանձե՞ր, գիտական հետազոտության նյութե՞ր, թե՞ պատմություն:
-Մարդն ինքն իրեն է ճանաչում: Նաև` աշխարհը: Կարևոր է ծայրահեղ մեկուսացումը` բացարձակ խավարում: Այդպիսի խավար դրսում ոչ ոք չի կարող տեսնել, գրեթե թանձր թավիշի նման է, որ թվում է` կարող ես ձեռքով պատառոտել: Երբեմն անջատում ենք լապտերը և այդ խավարի մեջ անցնում սողանցքերով` փորձելով գուշակել, թե ուր ենք հասնում: Ասենք` 300 մետր սողում ես, և այդ ժամանակ զարգանում է մի ուրիշ տեսողություն, առանց լույսի տեսնում ես բոլոր ծավալները, վտանգավոր հատվածները: Այսինքն, քարայրում զարգանում է ներքին տեսողությունը: Ես չգիտեմ` դա ինչպես է կատարվում, բայց ամեն պարագայում առանց ակնային տեսողության, բացարձակ խավարի մեջ տարբերում ես նույնիսկ շրջապատի գույները:
-Իսկ երբ արդեն դրսի աշխարհո՞ւմ եք:
-Արջերի քարայրում, օրինակ, ջերմաստիճանը մշտապես 11 աստիճան է` ամառ թե ձմեռ: Այսինքն, Արջերի քարայրի մեկ տարին դրսի 224 տարին է: Եղանակն այստեղ չի փոխվում, ցիկլն է փոխվում, ուրիշ աշխարհ է: Տարբեր քարայրերում ցիկլը տարբեր է: Երբ դուրս ես գալիս քարայրից, ձմեռ է, առաջին 10-12 վայրկյաններին, թեև մետրանոց ձյուն է դրված, սուր զգում ես բոլոր ծաղիկների բույրը: 10-12 վայրկյան է տևում այդ զգացողությունը, բայց անմոռանալի է: Քարայրում անհոտ է:
-Ասացիք, որ 11 աստիճան է, ինչպե՞ս եք հաղթահարում ցուրտը:
-Խոնավությունը 98 տոկոս է: Եթե 100 մետր անընդմեջ ընթացքի մեջ ես, շոգում ես, քրտինքով պատվում: Եթե նստես, իհարկե, րոպե չանցած, ցրտից կդողաս: Կրակ հիմնականում չենք վառում, որովհետև միկրոկլիման կփչանա, ցերեկը հիմնականում շարժման վիճակ է: Իսկ գիշերը քնապարկում ենք քնում:
-Ի՞նչ են որոնում քարայրերում: Չեմ կարծում, թե միայն մարդկային մարմինն է «փորձարկվում»:
-Ամեն ինչ կա քարայրերում: Երկրի գոյացման պրոցեսներ են երևում, մտնում ես պալեոօվկիանոսի մեջ: Մագելի քարայրը, օրինակ, տեկտոնական ճեղք է: Մենք գիտենք երկրաշարժային ճեղքերի մասին, դրանք սեյսմիկ էներգիայի հաղորդալարեր են: Աշխարհում ընդամենը վեց այդպիսի քարայր կա: Այսինքն, հնարավորություն ունես իջնելու գետնի տակ, մտնելու երկրաշարժի ճեղքի մեջ և մոտ 2 ժամ ճամփորդելու այնտեղ:
-Ավելի մեղմ, բայց հաճելի զգացողություններ «արձանագրե՞լ» եք:
-Նստած ես աղբյուրի մոտ: Հետո մտնում ես ժայռի մեջ: Այստեղ դու տեսնում ես, թե աղբյուրը ոնց է հոսում մինչև իր ծնունդը: Աղբյուրի ամբողջ հոսանքը տեսնում ես:
-Իսկ եթե խոսենք վտանգի չափի մասի՞ն:
-Ակադեմիկոս Սողոմոն Բալյանը մեզ անվանում էր «ստորգետնյա ինքնասպաններ»: Այն, ինչ լեռնագնացն անում է օրը ցերեկով, անձավախույզն անում է բացարձակ խավարի մեջ:

-Հայաստանյան քարայրերը հարո՞ւստ են ուսումնասիրման արժանի նյութերով:
-Իհարկե, արտակարգ հարուստ են գոյացություններով, եթե համեմատենք Աֆոնի քարայրի հետ, որն աշխարհում երկրորդն է մեծությամբ: Վիթխարի քարայր է, բայց գոյացությունները քիչ են, իսկ մեզ մոտ` հեքիաթային դահլիճներ են` բազմագույն ստալակտիտներ, ստալագմիտներ, ստալագնատներ, հելեկտիտներ, կորալիտներ և այլ հրաշքներ: Թափանցիկ, ծիածանի բոլոր գույներով քարայրեր են: Ասես մանկության հեքիաթային աշխարհ ես ընկել: Հայաստանի քարայրերի 98 տոկոսը հնագիտական նյութ է պարունակում:
-Արտասահմանցի զբոսաշրջիկների, նաև գիտական արշավախմբերի ուշադրությունը գրավո՞ւմ են մեր քարայրերը:
-Այո, դրսից այցելում են, հետաքրքրվում են, բայց այդ ամենը կազմակերպված չէ: Հայաստանի անձավագիտական ազգային կենտրոնն այսօր առաջարկում է նոր ձևաչափ անձավների օգտագործման և պահպանության բնագավառում: Անձավները մշակույթի նախարարութան ենթակայության տակ են: Այսինքն, խնդիրը երկու տարուց ավելի քննարկվում է և ստեղծվել է հանձնախումբ: Հույս ունենք, որ թնջուկային հարցը կլուծվի:
Մոզրովը փակ քարայր է` մուտք չունեցող, բացվեց ճանապարհաշինության նպատակով կատարված պայթյունի հետևանքով: Մասնագետներ եկան ՈՒկրաինայից, Վրաստանից, դիտեցին այդ բացառիկ քարայրը: Հայազգի Տինտիլոզովը, ով նաև Աֆոնի քարայրի ճարտարապետն էր, հայտարարեց, որ եթե Վրաստանում նման քարայր լիներ, երեք ամսում կհանձնվեր շահագործման: Այդ հայտարարությունից անցել է 30 տարի, և այսօր դեռևս սիրողական այցելություններ են: Վտանգավոր քարայր է, անդունդի առաստաղը փլուզվող է:
-Մե՞ծ ծախսերի հետ է կապված քարանձավների պահպանությունը:
-Եթե պետական թույլտվություն լինի, անձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը պնդում է, որ մասնավոր կազմակերպությունները շահագործումը կֆինանսավորեն` ընդհանուր պատմամշակութային կոնտեքստի մեջ:
-Բայց վտանգը, կարծես, արշավականներին չի կանգնեցնում:
-Նման ինքնագործունեությունն ամենակոպիտ սխալն է: Չեն կարող արգելել, պետք է այնպես արվի, որ մարդիկ կարողանան օգտվել, կանոնավոր վիճակ պետք է լինի: Ինքնագործունեությունից քարայրը վտանգվում է` այցելող մարդկանց կյանքի հետ միասին:
-Եվ վերջին հարցը. պատահե՞լ է, որ Նոր տարին քարայրում անցկացնեք:
-Պատահել է։ Ի դեպ, աշխարհում այնքան քիչ են անձավախույզները, որ Ամանորին բոլորս իրար շնորհավորում ենք:

Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ